«Ավան» հոգեկան առողջության կենտրոն»-ում մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի գործով օրերս հարցաքննվել են Էդգարի հարազատները, ովքեր դեպքի օրը եղել են նրա հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի քույրը՝ Սաթենիկ Շաթիրյանը:

«Մի քանի օր առաջ եղբորն են կանչել, որը դեպքի օրը Էդգարի հետ է եղել, ինչքանով ես եմ տեղյակ, հիմա էլ բժիշկներին են հարցաքննում: Սակայն դեռ ձերբակալվածներ չկան: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներն էլ պատրաստ չեն»,- ասաց նա:

Չնայած փորձաքննության արդյունքները դեռ չկան, այնուամենայնիվ, Էդգարի հարազատները շարունակում են պնդել, որ նրա մահվան պատճառը ներարկված դեղամիջոցն է եղել:

«Բժիշկները տարբեր ԶԼՄ-ների ասում են, թե դեղաը կապ չունի, կարելի է ներարկել նաեւ խմած մարդկանց, բայց եթե դեղի ցուցումը նայեք, կտեսնեք, որ պարզ գրված է՝ չի կարելի ներարկել այն մարդկանց, ովքեր վերջին չորս օրերին ալկոհոլ են օգտագործել»,- ավելացրեց Սաթենիկը:

Նշենք, որ առողջապահության նախարարությունն այս գործով ծառայողական քննության էր նշանակել: Արդյունքներն արդեն կան, սակայն նախարարությունից դեռ չեն հրապարակում դրանք:

Ավելի վաղ Սաթենիկ Շաթիրյանը NEWS.am-ին հայտնել էր, որ եղբայրը՝ 33-ամյա Էդգար Շաթիրյանը մահացել է բժիշկների պատճառով:

«Եղբայրս ալկոհոլի նկատմամբ սեր է ունեցել, խորհուրդ տվեցինք դիմել նարկոդիսպանսեր: Մայիսի 5-ին հարբած վիճակում եղբայրների հետ Էդգարը գնում է այնտեղ, սակայն գներն էնքան բարձր են եղել, որ մտածել է անվճար բուժվելու մասին ու գնացել Ավանի հոգեբուժարան: Հարբած մարդուն միանգամից Տիզերցին են ներարկել, որից էլ ուշքի չգալով՝ մահացել է եղբայրս: Բայց ո՞վ է տեսել, որ հարբած հիվանդին միանգամից նման դեղամիջոց ներարկեն: Էդգարին ուղեկցողներն ասել են, որ ինքը գլխի եւ սրտի պրոբլեմ ունի, բայց բժիշկները հաշվի չեն առել»,- ասել է նա:

Մինչդեռ NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանը հերքել էր այս ամենը: Նրա խոսքով՝ Էդգար Շաթիրյանը մահացել է սրտի խնդիրներից: