Հայոց ցեղասպանության տարելիցին Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Անկարայի կողմից այս ողբերգական իրադարձությունը պաշտոնապես ճանաչելու պայմանների ստեղծում: Այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը մայիսի 29-ի մամուլի ասուլիսում:
Հիշեցնելով, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները անցկացվելու են ընթացիկ տարվա աշնանը, քաղաքագետը նշեց, որ նախագահի կողմից ներկայացված առաջարկությունները թուրքական կողմին հնարավորություն են տալիս նախքան ողբերգության հարյուրամյակը առանց լուրջ դժվարությունների պաշտոնապես ընդունել Հայոց ցեղասպանությունը: Սակայն այլ հարց է՝ պատրա՞ստ է արդյոք Թուրքիայի ղեկավարությունը օգտվել դրանից:
«Հայկական կողմի դիրքորոշումը ցույց է տալիս միջազգային հանրությանը եւ թուրքական հասարակությանը, որ մենք հիշում եւ սգում ենք, սակայն Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել Թուրքիայի պատասխան քայլերը: Դա կարող է որպես նախադրյալ ծառայել տարածաշրջանում ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար», - նշեց քաղաքագետը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ թուրքական կողմը չարձագանքեց առաջարկությանը, փորձագետը նկատեց, որ Թուրքիայում այդ հարցի վերաբերյալ երկար քննարկումներ կլինեն: Նրա խոսքով՝ Երեւանը Անկարային հնարավորություն է տալիս վերանայել հետագա հարաբերությունները, սակայն պետք է հիշել, որ Թուրքիայում բավականին լարված իրավիճակ է: Արագ պատասխան չի լինի:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից դրական պատասխանի հնարավորությանը, ապա քաղաքագետը նշեց, որ տեսականում ամեն ինչ հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ են արտաքին ու ներքին նախադրյալներ:





























