Տարօրինակ է, որ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը փոթորիկ առաջացրեց լրատվամիջոցների շրջանում անցկացվող քննարկումներում եւ բանավեճերում: Այդ մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի Գլխավոր դատախազության կողմից տարածած հաղորդագրությունը՝ լրատվամիջոցներին նախաքննության տվյալների չհաստատված հրապարակումների համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:

«Այդ հայտարարությունը տարածելով, մենք նվազագույն իրավաբանական գիտելիքների առկայության հույս ունեինք, քանի որ նախաքննության տվյալների հրապարակումը հանցանք է: Տվյալ հայտարարության տարածման անհրաժեշտությունը չէր լինի, եթե լրատվամիջոցները նախքան նախաքննության տվյալների հրապարակումը դիմեին համապատասխան մասնագետների: Նախաքննության գաղտնիքի հրապարակման համար նախատեսվում է պատիժ այն կողմի համար, որը նախաքննության մասին տեղեկատվություն է տրամադրել: Բացի այդ, կպատժվեն նրանք, որոնք հանգամանքների բերումով կհրապարակեն նախաքննության մասին տեղեկատվությունը», - նշել է գլխավոր դատախազը:

Ինչ վերաբերում է նրան, որ դա դարձավ լրատվամիջոցների քննարկումների առարկա, ապա Կոստանյանի խոսքով՝ «ԶԼՄ-ների մասին» օրենքով, լրագրողը պարտավոր չէ հրապարակել իր աղբյուրները, դա լրագրողի իրավունքն է. «Լրագրողը կարող է օգտվել իր իրավունքից եւ չհրապարակել աղբյուրը, սակայն կարող է նաեւ հայտնել: Այդուհանդերձ, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրագրողը կդառնա, այլ այն սուբյեկտը, ում հասանելի էր նախաքննության մասին տեղեկատվությունը եւ հրապարակել է այն: Եթե լրագրողը չհայտնի իր աղբյուրը, ապա դատական կարգով ստիպված կլինի դա անել հետագայում: Հետեւապես, այդ առիթով հայտնած կարծիքները եւ մտավախությունները հիմնավոր  պետք է լինեն»:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի հաղորդագրությունում նշվում է, որ կողմերի իրավունքների ամբողջական ապահովման համար կարեւոր պայման է նախաքննության տվյալների գաղտնիությունը. «Այդ տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին, խոչընդոտել գործի քննությանը եւ հանցագործության բացահայտմանը: » Ուստի Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ նմանատիպ տեղեկատվության հրապարակումը առանց դատախազի, քննիչի կամ քննությունը իրականցնող անձի թույլտվության քրեական պատասխանատվություն է ենթադրում ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 342 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների: Նման տեղեկությունների  բացասական ազդեցության կանխման նպատակով Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ օրենքով նախատեսված քայլեր կձեռնարկվեն տեղեկատվության աղբյուրի նացահայտման համար: Մեղավորները կպատժվեն օրենքին համապատասխան», - ասվում է հայտարարությունում: