Հայաստանի մարդու իրավունքների գրասենյակի համար ամենախնդրահարույցը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզն է: Ինչպես մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցին հայտնել, նույնիսկ երբ գրասենյակը ներկայացուցչություն ուներ մարզում, բացահայտ խախտումների մասին սակավ դժգոհություններ էին ստացվում:
«Ես բողոքների ստացումից հետո ծագած խնդիրների մասին չեմ խոսում: Այնտեղ վիճակն ավելի վատ է` կա խնդիր, բայց բողոք չի ստացվում: Արդյունքում որեւէ բան ձեռնարկելու լիազորություն չունենք», - պարզաբանել է Անդրեասյանը: «Եթե Լոռու մարզի հետ համեմատելու լինենք, ապա այնտեղի բնակիչներն ակտիվորեն եւ գրագետ կերպով պաշտպանում են իրենց իրավունքները, դիմում են մեզ, եւ պետական մարմինների հետ աշխատանք է սկսվում: Տավուշի մարզում խնդիրները փակ են մնում», - հավելել է մարդու իրավունքների պաշտպանը` նշելով, որ Սյունիքի մարզում վիճակը մի փոքր ավելի լավ է:




























