Թուրքիայի նախագահի այցը Հայաստան քաղաքական ինքնասպանություն կդառնա, մայիսի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստան այցելելու հրավերը թուրք գործընկերոջը:

Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահի նման քայլը լուրջ վնաս կհասցնի 1915թ. ողբերգական իրադարձությունների՝ տասնյակ տարիների ընթացքում իրականացված  ժխտման հետեւողական քաղաքականությանը եւ կշրջվի  հենց Անկարայի քաղաքական մեքենայի դեմ: «Ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան սեփական ժողովրդի գերին է՝ դաստիարակված հակահայկական ոգով հենց իր իսկ կողմից», - նշել է փորձագետը, հավելելով, որ շարունակելով «պտտել նույն ձայնապնակը», Թուրքիայի իշխանությունները հանցագործություն են կատարում ոչ միայն մարդկության, այլեւ իրենց քաղաքացիների դեմ, որոնք ապրում են  ստի եւ երկերեսանության մթնոլորտում: 

Հիշեցնենք, ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն էր հայտնել 1915թ. ողբերգական իրադարձությունների զոհերի ընտանիքներին: Մայիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովում,  Թուրքիայի նախագահին հրավիրել էր 1915թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան: