Աննշան իրավախախտումների համար պետք չէ ՀՀ քաղաքացիներին զրկել Ռուսաստանում գտնվելու իրավունքից: Այս մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:

Այդ հարցով մեծ թվով քաղաքացիներ են դիմում ՀՀ ԱԳՆ, հավելել է նա:

Նա նշել է, որ օրերս նախարարությունը ՌԴ դեսպանատան ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանը մերժվել է մուտքը Ռուսաստան: «Ընդ որում, դրանք մանր տեխնիկական խախտումներ են եղել», - նշել է Մանասարյանը:

Ռուսական կողմը իր հերթին պատրաստակամություն է հայտնել լուծել հարցը, հավելել է Մանասարյանը: «Ամեն դեպքում ՌԴ-ն խորհուրդ է տալիս քաղաքացիներին ուղղակի դիմել կամ Միգրացիոն ծառայություն, կամ էլ դեսպանատան միջոցով:  Նրանք պարտավոր են բավական արագ վերացնել այդ արգելքը», - հայտարարել է Մանասարյանը:

Նշենք, որ փետրվարի 14-ին Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան հայտարարել էր, որ Ռուսաստան մուտքը կարող է 3 տարով փակվել այն անձանց համար, ովքեր ՌԴ-ում գտնվելու երեք տարիների ընթացքում երկու եւ ավելի վարչական խախտում են կատարել, ներառյալ՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը: