Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նամակում ասված է.
«Սույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի ավագանին ընդունեց կարեւոր որոշում Երեւան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի մասին, որն անթերի չէ, բայց այնուամենայնիվ որոշման ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁեւԵՐԸ եւ ՄԻՋՈՑՆԵՐԸ 2-րդ գլխի 4-րդ կետում որպես ձեւերից մեկ ամրագրված է համայնքի տարածքում հարցումների անցկացման կազմակերպումը եւ բնակիչների առաջարկությունների ներկայացման հնարավորությունը:
Երեւանի Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի հարակից տարածքի բնակիչները 70 ստորագրություներով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետին, ՀՀ ՄԻՊ պաշտպանին, Ձեզ, տիկին Դանիելյանին եւ ինձ այն մասին, որ այդ կանաչ տարածքում եռահարկ կառուցելու շինարարական աշխատանքների թույլտվություն է նույնիսկ տրված: Ո՞ւր մնաց ավագանու որոշումը եւ ե՞րբ է այն սկսելու կիրառվել, եթե ոչ՝ այս դեպքում:
Երեւանի Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի հարակից տարածքում գտնվող բնակիչների կողմից ստեղծված միակ կանաչ տարածքը, ըստ իրենց նամակի, ինտերնետային հայտարարությամբ հունվար ամսից դրված է վաճառքի 110.000 դոլարով:
Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ տարածքի բնակիչներին ընտրվելու դեպքում խոստացել եք. «Ոչ մի քար քարի վրա չի դրվի կանաչ գոտու հաշվին» եւ անընդհատ հայտարարում եք այս մասին:
Նամակին կից ուղարկել են նաեւ կանաչ տարածքի լուսանկարները:
Առաջնորդվելով ավագանու կայացրած վերոնշյալ որոշմամբ՝ խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցերին.
• Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի բնակիչները պատշաճ կերպով իրազեկվե՞լ են տարածքը աճուրդի դնելու մասին,
• կազմակերպվե՞լ է հարցում իրենց կարծիքն իմանալու մասին,
• Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի հարակից կանաչ տարածքը դրվե՞լ է աճուրդի,
• կայացե՞լ է աճուրդը,
• տրվե՞լ է տարածքի կառուցապատման շինթույլտվությունը:
Պարոն Մարգարյան, հարցերը հրատապ պատասխան են ակնկալում»:
Տիկին Բախշյանը նամակի վերջում շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ կից ներկայացրել 70 ստորագրությունների ցանկը:





























