Երեւանի քաղաքապետարանի կայքը կատարելագործելու եւ տեղեկատվությամբ հարստացնելու մասին նամակով քաղաքապետին է դիմել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նամակում մասնավորապես, ասվում է.

«Ավագանու անդամներս մեր գործունեության ընթացքում կարիք ենք ունենում Երեւանի քաղաքապետարանի  ենթակայության պետական տարբեր կառույցների վերաբերյալ շատ բազմաբովանդակ տեղեկատվություն, որոնց մասին ստիպված ենք Ձեզ ուղղել բազմաթիվ նամակներ: Մասնավորապես Երեւանի ենթակայության  դպրոցների եւ մանկապարտեզների մասին կայքում եղած տեղեկությունները  չափազանց  սահմանափակ են,այն կարող է ավելի լիարժեք գործել այնպես, որ  դպրոցի կամ մանկապարտեզի համարը սեղմելով՝  էջը նրա մասին բերի բոլոր այն տեղեկությունները, որոնք քաղաքապետարանը ստանում է դպրոցներից՝  լիցենզավորման փաստաթղթից  սկսած՝ մինչեւ պետական ֆինանսավորման եւ Կառավարման խորհուրդների կողմից հաստատված նախահաշիվները:

Սա նաեւ կվկայի, որ քաղաքապետարանն աշխատում է բաց ու թափանցիկ եւ բոլորիս կազատի ավելորդ նամակագրությունից, որն իսկապես շատ ժամանակ է խլում թե՛ քաղաքապետարանի աշխատակիցներից, ովքեր չեն թաքցնում իրենց իրավացի դժգոհությունն այս առթիվ, թե՛ ավագանու անդամներից: Կշահի մեր համագործակցության ժամանակը: