Երեւանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Ս.-ն մեղադրվում է «Օդնոկլասսնիկի» սոց.կայքի միջոցով 12-ամյա տղայի նկատմամբ անակառաբարո գործողություն կատարելու փորձի մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի վերջին: Հովհաննեսը «օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում բացել է «Սաֆարյաններ» եւ «HOVHANNES@SYUZKA SAFARYANNER» անվամբ անհատական էջեր, որոնց միջոցով ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է Երեւան քաղաքի 12-ամյա բնակչի էջ եւ ներկայանալով «Հովո»՝ առաջարկել է համացանցով ընկերանալ: Այնուհետեւ Հովհաննեսն առաջարկել է 12-ամյա տղայի համար ֆուտբոլային թեմայով լուսանկարներ պատրաստել, որի նպատակով էլ տեսազանգով կիսամերկ լուսանկարահանել է վերջինիս: Իսկ հաջորդ օրը՝ Հովհաննեսը զանգել է տղային եւ առաջարկել հանդիպել, սակայն տղան այդ մասին տեղյակ է պահել մորը:
Հովհաննես Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով, 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն հոդվածի 2-րդ մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Երկրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Երրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:





























