NEWS.am-ի տեղեկություններով, նախկին օրենքով գող Արայիկ Շահգելդյանին, ով հայտնի է «Ժիրիկի տղա Արայիկ», երեկ՝ մայիսի 28-ին այցելել են ոստիկաններ եւ խուզարկել իր տունը, որը գտնվում է Ձորաղբյուրում: Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա տնից միայն թմրանյութ են հայտնաբերել: Իսկ թե ինչու է նախկին օրենքով գողը հայտնվել համակարգի ուշադրության տիրույթում եւ ինչու են նրա տունը խուզարկել, ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, թե խուզարկությունը կատարվել է դատարանի որոշմամբ: Հաստատեցին, որ հայտնաբերվածը եղել է կանեփանման զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ վերջին շրջանում քրեական աշխարհի ներկայացուցիչները հայտնվել են ոստիկանության թիրախում, նրանց են այցելում համապատասխան մարմինները, խուզարկում տներն ու մեքենաները: Օրերս ոստիկանների ուշադրության կենտրոնում են հայտնվել օրենքով գողեր Խոյի Ռաֆոյի տղան` Աֆոն, 3-րդ մասցի Սամվելիկը, ով հայտնի է «Մանեթի տղա» մականունով եւ քրեական հեղինակություն Պրադը: Ոստիկանները այցելել են նրանց, խուզարկել մեքենաները, տները, ոմանց մեքենաները տարել հատուկ պահպանման տարածքներ: Այս այցելությունները խուճապի են մատնել քրեական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք կարծում են, որ իրենց նկատմամբ վերջին շրջանում հատուկ որս է սկսվել: Քրեական աշխարհի ներկայացուցիչները սա ընդունել են որպես նախազգուշական ազդանշան եւ համապատասխան քայլեր են ձեռնարկում ոստիկաններից հեռու մնալու համար:

Հատկանշական է, որ իրավապահ մարմինները նմանատիպ այցելություններ են իրականացրել գրեթե բոլոր մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, Արարատում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, գործողությունները ավարտվել են խուզարկություններով, ձերբակալված կամ բերման ենթարկվածներ չկան: Այս առնչությամբ ոստիկանությունից միայն հայտնել են, որ իրենք մշտապես օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում: