ԱՄՆ-ում մեկ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային վթարների վնասը կազմել է 871 միլիարդ դոլար, ասվում է Երթեւեկության անվտանգության հարցերով ԱՄՆ ազգային գերատեսչության՝ հինգշաբթի հրապարակված զեկույցում։
Փորձագետները այդ եզրակացությանն են հանգել 2010 թ. վթարների տվյալները վերլուծության ենթարկելու արդյունքում։ Այդ ժամանակահատվածում երկրում վթարների հետեւանքով զոհվել է 33 հազար մարդ, 3,9 միլիոնը վիրավորվել է, 24 միլիոն մեքենա էլ՝ վնասվել։ Հաջորդ տարիներին այդ ցուցանիշները համապատասխանել են 2010 թ. վիճակագրությանը։
Ըստ մասնագետների հաշվարկների՝ այն ժամանակ տնտեսական կորուստները կազմել էին 277 միլիարդ դոլար։ Ընդ որում, ԱՄՆ-ին եւ դրա բնակիչներին մարդկանց զոհվելու, վնասվածքների եւ տուժածների կյանքի որակը վատանալու հետեւանքով հասցված վնասը՝ գնահատվել է 594 միլիարդ դոլար։ Այդպիսով, ընդհանուր գումարը կազմել է 871 միլիարդ դոլար։
ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսը, մեկնաբանելով զեկույցը, մատնանշել է գումարները ճանապարհների անվտանգության ապահովման համար ներդնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է, որ ավտոպատահարների թիվը եւ հետեւանքների ծանրությունը նվազեցնող ներդրումները լիովին փոխհատուցվում են»,- փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։





























