Մայիսի 29-ին տեղի ունեցավ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին աշխարհի 15 երկրներից ժամանած 80 պատվիրակ: Միջոցառմանը մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնի արվեստագետներ, մտավորականներ:
Բացման խոսքով հանդես եկավ «Համազգային» հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Ցուցադրվեց Համազգայինի հիմնադրման 80 ամյակին նվիրված տեսաֆիլմ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության պատգամավորական ժողովը 2-րդ անգամ հայրենիքում անցկացնելու գաղափարն ինքնանպատակ չէ. Համազգայինը, հաստատվելով Հայրենիքում, իր ներկայությամբ նոր մշակույթ ձեւավորեց Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում` նոր որակներ ու երանգներ բերելով ազգային մշակութային քաղաքականության մեջ: Համազգայինը միշտ էլ հզոր զենք է եղել Սփյուռքում հայ ինքնությունը պահպանելու, հայ մշակույթը տարածելու եւ քարոզելու գործում»: Նախարարն իր ելույթն ավարտեց Ներսես Շնորհալու խոսքերով. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդականում, սեր՝ ամեն ինչում»:
Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով պարգեւատրեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միությանը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ միության կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Փափազյանը ստորագրեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում գիտական, կրթական, հրատարակչական եւ մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված Համագործակցության հուշագիր:





























