Չիկագոյում գտնվող հանրահայտ Willis Tower երկնաքերի 103-րդ հարկի ապակեպատ պատշգամբը զբոսաշրջիկների ոտքերի տակ ճաք է տվել:

Միջադեպի պահին մակերեւույթից 412 մետր բարձրության վրա գտնվող տեսահրապարակում 4 մարդ է գտնվել, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Զբոսաշրջիկների խոսքով, նախ բարձր ճռթոց է լսվել, այնուհետեւ ապակու վրա ճաքեր են հայտնվել: «Կյանքիս ամենաահարկու զգացումներին էին», - խոստովանել է տեսահրապարակում գտնված այցելուներից մեկը:

Այդուհանդերձ, երկնաքերի վարչակազմից հավաստիացրել են, որ զբոսաշրջիկների կյանքին վտանգ չի սպառնացել:

«Ճաքերը ոչ թե ապակու, այլ` պաշտպանական ծածկույթի վրա են հայտնվել: Նման բան երբեմն պատահում է», - հայտարարել են նրանք` հավելելով, որ պատշգամբի հատակը ապակու երեք հաստ շերտից է կազմված եւ կարող է մինչեւ 5 տոննա քաշի դիմանալ: Ներկայումս տեսահրապարակում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: