Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, Վանաձորի զորամասերից մեկի զինծառայող, 20-ամյա Մնացական Մինասյանին մայիսի 29-ին տեղափոխել են Երեւանի Մուրացանի անվան հոսպիտալ՝ ոտքի «մենիսկը» վիրահատելու, սակայն դեռ վիրահատության մասին խոսք չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց զինվորի մայրը՝ Նարինե Հարությունյանը:
«Երեկ առավոտյան տասին բերել են Մուրացանի հոսպիտալ, սակայն ոտքը վիրահատելու մասին բան չեն ասում: Մենք այսքան պայքարում էինք, դիմումներ գրում, որ ոտքի մենիսկը վիրահատեն, սակայն հիմա լրիվ այլ բան են վիրահատում, ուռոլոգիական խնդիր էլ ունի, որը սակայն այդքան էլ հրատապ չէր: Հիմա տղաս անալիզներ է հանձնում, որ հունիսի երկուսին-երեքին վիրահատեն, բայց ոտքի վիրահատության մասին խոսք անգամ չկա»,- ասաց նա:
Մնացական Մինասյանի ծնողներն անելանելի վիճակում են եւ չգիտեն, թե իրենց որդու ոտքը վերջապես վիրահատելու են, թե ոչ:
Ավելի վաղ զինծառայողի մայրը NEWS.am-ին պատմել էր, որ որդին երեք տարի առաջ ծանրամարտով զբաղվելիս վնասել էր ոտքը, այդ ժամանակ բժիշկները խորհուրդ էին տվել վիրահատել, սակայն ծնողները չէին համաձայնվել:
«Դրանից հետո մեկ տարով բանակ գնալը հետաձգեցին, բայց դե ի վերջո էս տարվա հունվարի 20-ին տարան: Հիմա էնտեղ ոտքից շատ է բողոքում, չի կարողանում նորմալ քայլել, ոտքը կարճանում է: Բացի դրանից՝ հրամանատարները ոչ մի բան հաշվի չեն առնում, ստիպում են, որ ամեն ինչ անի, ասում են՝ եկել ես, պիտի անես, մեզ չի հետաքրքրում»,- ասել էր Նարինե Հարությունյանը:





























