Քծնանքը ոչ ոքի համար ընդունելի չի կարող լինել: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Վերջին զանգի օրը հ.119 դպրոց այցելությունը, որտեղ ինքն  ուղեկցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հիշեցնենք, որ Վերջին զանգին 11 տարեկան աշակերտը դահլիճի ծափահարությունների ներքո արտասանել էր Աբրահամյանին նվիրված բանաստեղծություն:

«Եթե կան գործողություններ, որոնք կարող են շողոքորթության տպավորություն թողնել, դա անընդունելի է: Սակայն խնդրում եմ հասկանալ. մենք տոնի էինք եկել եւ չէինք ցանկանում փչացնել այն դեմքի արտահայտությամբ կամ ժեստերով: 25 հազար մարդ է ավարտել դպրոցը, 36 հազար էլ՝ վարժարանները եւ քոլեջները: Ամոթ է մոռանալ այդ մասին եւ փորձել շահարկել 11 տարեկան տղայի պատմությունը », - նշել է Աշոտյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am