Հայաստանում զբոսաշրջության այլընտրանքային տեսակները թույլ են զարգացած: Հայտարարությունը մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսին «Blackstone Travel» տուրիստական ընկերության տնօրեն Գարրի Շահինյանն է հնչեցրել` անդրադառնալով հանրապետության` զբոսաշրջությանն առնչվող խնդիրներին:
Նրա խոսքով, երկրում գերակշիռ դեր ունի դասական տուրիզմը, մինչ բազմաթիվ արտասահմանցիներ հաճախ ժամանցի այլ` ոչ ավանդական տեսակներ են նախընտրում: Սակայն տարատեսակ ծրագրերի իրականացման համար խոշոր ֆինանսական ներդրումներ են պահանջվում: Շահինյանը ուշադրություն է հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ բարենպաստ սանիտարա-հիգիենիկ պայմանների ստեղծման տեսանկյունից եւս անելիքներ կան:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` «Armenia Travel» տուրիստական ընկերության ղեկավար Մարինա Կպրեյանն ընդգծել է, որ Հայաստանում դաստիարակության եւ միջանձնային հարաբերությունների ցածր մակարդակ է տիրում, ինչն արտասահմանցիների կողմից աննկատ չի մնում եւ երբեմն էլ` տհաճ զարմանք է պատճառում նրանց: «Ամեն ինչ օդանավակայանից է սկսվում: Մեր համերկրացիները հերթ պահելու տարրական կուլտուրա չունեն` միմյանց նկատմամբ անհարգալից են վերաբերվում, երբեմն էլ` մեծ աղմուկ հանում: Եվ դա ոչ միայն երկրի ներսում է նկատելի, այլ նաեւ` արտասահմանում: Հայտնի կատակ կա` մարդկանց խմբի մեջ ինչպե՞ս հային առանձնացնել: Սպասեք` ինքը կառանձնանա», - նկատել է Կպրեյանը:
Բացի այդ, նրա խոսքով, Հայաստան ժամանած զբոսաշրջիկները լեզվական խնդիրներ են ունենում: «Արտասահմանցիները հանրապետություն են գալիս ոչ միայն մեր մշակույթին, պատմությանը եւ ավանդույթներին ծանոթանալու, այլ նաեւ` հայերի հետ շփվելու համար: Այստեղ ամենամեծ բարդություններն են ծագում, քանի որ մեր համերկրացիները մեծամասամբ օտար լեզուների, հատկապես` անգլերենի, վատ են տիրապետում», - Մարինա Կպրեյանը:




























