Գյումրիում ծննդկանի մահվան հարցը շատ խիստ կքննենք, մայիսի 30-ին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Առողջապահության նախարարն անմիջապես աշխատանքային խումբ է ձեւավորել՝ հանրապետության գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որն ուսումնասիրում է իրավիճակը: «Քննարկումը նախնական էր, մենք հարցը վերջնական կքննարկենք առողջապահության նախարարությունում: Մոտեցումը շատ խիստ կլինի, ինչպես միշտ, երբ դիտարկվում են ծննդաբերության ժամանակ մահվան դեպքերը», - հայտարարել է նախարարը:
Գյումրիում վերջերս կատարված եւս երկու դեպք կապված են հետծննդաբերական բարդությունների հետ, հավելել է նախարարը: Մի կնոջ անմիջապես վիրահատել էին, մյուս երկուսին տեղափոխել էին Երեւան՝ երրորդ աստիճանի վերակենդանացման անհրաժեշտության պատճառով: «Մեղավորությունը կարող են սահմանել միայն դատական մարմինները: Մահվան նախնական վարկածը պտղաջրային էմբոլիան է», - հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, մայիսի 28-ին 38-ամյա Կարինե Պապանյանը վախճանվել էր Գյումրիի ավստրիական հիվանդանոցի ծննդաբերության բաժանմունքում:




























