Ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանին անվճար բժշկական օգնություն կցուցաբերվի, բայց դրա համար նա պետք է դիմի հիվանդանոց: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ողջ բժշկական օգնությունը՝ դիագնոստիկա, փորձաքննություն եւ բուժում, մենք կվերցնենք մեզ վրա, եթե քաղաքացին մեզ դիմի»,-ընդգծել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունքներ է տվել Խոջոյանի դիզվառելիք ներարկելու վերաբերյալ փորձաքննությունը:

«Նախարարությունը կարող է ուղղորդել այդ հիվանդի մոտ թե բժշկական անձնակազմ, թե նպաստել, որ այդ մարդուն տեղափոխեն բուժհիմնարկ, որպեսզի բուժօգնություն մատուցեն: Ինչ վերաբերում է փորձագիտական մասին, թե ինչ են ներարկել, կարծում եմ, որ համապատասխան դատաբժշկական փորձաքննություն պետք է արվի՝ համապատասխան իրավապահ մարմինների հարցումի պարագայում, եթե այդ անձն ինքը դիմի դատաբժշկական փորձաքննության համար»,-ընդգծել է նախարարը:

Նա նաեւ նշել է, որ անձամբ է Խոջոյանի հարցը քննարկելի երեկ: «Առանց մարդու համաձայնության նրան չի կարելի հիվանդանոց տեղափոխել: Նա գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության ներքո: Եթե նրա առողջական վիճակը վատթարանա, մենք անմիջապես միջոցներ կձեռնարկենք»,-հայտարարել է նախարարը:

23-ամյա Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Մարտի 7-ին նա գերեւարվել է ադրբեջանցիների կողմից եւ գերության մեջ անցկացրել մեկ ամիս: Նա  77-ամյա Մամիկոն Խոջոյանի հեռավոր ազգականն է, որը եւս վերադարձել էր ադրբեջանական գերությունից եւ որոշ ժամանակ անց մահացել: