Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 31-ին ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի անցկացումը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձեւավորմանն ու կայացմանը, կազմակերպության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: «Պատահական չէ, որ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված երեսունմեկ պայմանագրերից երեսունն արդեն իսկ հավանության են արժանացել Հայաստանի Ազգային ժողովի կողմից»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Նշելով, որ նույնիսկ ամենախոշոր երկրները միշտ չէ, որ ի վիճակի են միայնակ դիմակայել ահագնացող մարտահրավերներին`Սերժ Սարգսյանն ասել է, որ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարեւոր են Կազմակերպության շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները:
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նշել է, որ երեւանյան հավաքը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստն է: Նիստի մասնակից պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ կառուցողական եւ շահագրգիռ քննարկում է ծավալվել օրակարգային հարցերի վերաբերյալ: Նրանք վստահություն են հայտնել, որ երեւանյան արտագնա նիստը նոր ազդակ կհաղորդի ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչին:
Հանրապետության Նախագահը համոզմունք է հայտնել, որ երեւանյան նիստի ադյունքները կնպաստեն Կազմակերպության ամրապնդմանը եւ անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը:




























