Վրաստանն անվերապահորեն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը եւս սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ եվրոատլանտյան ինտեգրման մտադրությունը:
ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին Բաքվում Վրաստանի անկախության առթիվ կազմակերպված միջոցառմանը հայտարարել է Ադրբեջանում այդ երկրի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
«Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումը հիմնականում կախված է Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններից: Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում հիմնական ուղղություններից են համատեղ իրականացվող տարածաշրջանային ծրագրերը: Այդ նախագծերը ծառայում են Եվրոպայի եւ Ասիայի երկրներին», - հայտարարել է դեսպանը:
Դիվանագետը նշել է, որ երկու երկրների դրած նպատակները հող են նախապատրաստում Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտում սերտ հարաբերությունների համար. «Հարեւան երկրների հետ բարեկամական հարաբերությունները Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքն է, որի վառ օրինակն է Ադրբեջանի հետ հարաբերությունը:
Տարիներ շարունակ եղբայրական Ադրբեջանն ու Վրաստանը, ձեռք ձեռքի տված, հաղթահարել են դժվարությունները եւ այսօր նույնն նպատակն ունեն՝ ստեղծել ժամանակակից ժողովրդավար պետություն: Այս ճանապարհին երկու երկրների գլխավոր խնդիրը տարածքային ամբողջականությունը վերականգնելն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:





























