Գաֆէսճեան արվեստի կենտրոնը եւ «ԱրմենՏել» ընկերությունը հունիսի 1-ին հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառումը նախորդ տարիներին ներգրավել է տասնյակ հազարավոր երեխաների եւ ծնողների Հայաստանի բոլոր անկյուններից:

Հունիսի 1-ի տոնախմբությունը կմեկնարկի ժամը 12:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու ստեղծագործական խմբակներին եւ ժամանցային ծրագրերին, իսկ հեքիաթների սիրված հերոսներն անսպառ ուրախություն կպարգեւեն բոլոր մասնակիցներին:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է տոնել ավանդույթ դարձած իր ամենամյա միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը հարստացնելով արվեստի խմբակներով՝ ցանկանում ենք մեր մանուկներին մատուցել ստեղծարար, հետաքրքիր եւ ուրախ միջավայր: Այս տարի եւս ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել» ընկերությունը հետ, որը սիրով միացավ Կենտրոնի նախաձեռնությանը՝ դառնալով նախագծի գլխավոր գործընկերը»,- ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

 «ԱրմենՏել» ընկերությունը ուրախությամբ հրավիրում է բոլորին մասնակցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տոնական տրամադրություն իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն ավելի լավը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Համերգային հատվածը կմեկնարկի ժամը 13:30-ին: Մի շարք մանկական երաժշտական խմբեր ելույթ կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոքրիկ այցելուների համար: Համերգային ծրագիրը կշարունակվի ՄԻԿԱԴՈ խմբի հրաշալի ելույթով, որը կմեկնարկի 15:00-ին:

Միջոցառման գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, ինֆորմացիոն հովանավորն է «Շողակաթ» հեռուստաընկերությունը: