Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում մայիսի 1-ից տեղադրված «Առաջարկությունների տաղավարներ»-ով քաղաքացիների կողմից նամակներով ստացվել է ավելի քան 500 առաջարկ։
Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ամփոփելով անցնող մեկ ամսվա արդյունքները, տեղեկացրել է, որ ստացված բոլոր առաջարկներն ուսումնասիրվել եւ խմբավորվել են: Դրանց մի մասը փոխանցվել է համապատասխան ստորաբաժանում՝ հնարավոր լուծում տալու նպատակով: Իսկ առավել ընդգրկուն առաջարկները կներկայացվեն քաղաքապետին՝ առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար: Հատկանշանական է, որ քաղաքացիների որոշ առաջարկներ, կապված, օրինակ, բակերի բարեկարգման հետ, արդեն իսկ ընդգրկված են Երեւանի զարգացման այս տարվա ծրագրերում եւ արդյունքները երեւանցիների համար շուտով տեսանելի կլինեն:
«Առաջարկությունների տաղավարներ»-ի ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությունն ընդլայնելու եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երեւանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք եւս ծրագրերում ներառելու նպատակով:





























