Առաջնորդության դպրոցի Վրաստանի ուսանողները հյուրընկալվել են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում: ԸՆկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի կառավարման մոդելը հաջողված օրինակ է դարձել կառավարման մոտեցումները, նրբություններն ու հմտությունները բացահայտող ուսանողության համար:
Առաջնորդության դպրոցի ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ է այցելել Վրաստանից ժամանած ուսանողների խումբը: Ապագա մասնագետները տեսական գիտելիքը գործնականով հարստացնելու հարցում արդյունավետ են համարել կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող եւ ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման փորձը:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կառավարման գործիքների ընտրության հարցում կարեւոր է համարում աշխատակիցների մասնագիտական հնարավորությունների բացահայտումը եւ ղեկավարի` նրանց դերը գնահատելու կարողությունը: Ապագա մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է կառավարման համակարգված մոտեցման առավելությունը:
«Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել աշխատանքային առողջ միջավայր, ունենալ աշխատակցի, սպառողի եւ առհասարակ` հասարակության հանդեպ պատասխանատվություն, արդյունքի հասնելու հետեւողականություն եւ առաջնորդվել առողջ մրցակցությամբ: Կարեւոր է նաեւ տեխնոլոգիական նորարություններին հետեւելու շարունակական գործընթացը: Այս ամենն իրականացնելու համր անհրաժեշտ է կամք, հավատ եւ ձգտում: Վստահ եղեք, որ այս չափանիշերով առաջնորդվելու դեպքում` հաջողելու եք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:































