Հունիսի 1-ին`Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի կենդանաբանական այգին այցելուների համար կկազմակերպի մի շարք անակնկալներ:
Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, համերգային ընդարձակ ծրագիր՝ երաժշտական տարբեր խմբերի, մանկական համույթների մասնակցությամբ, խաղ-մրցույթներ:
Այգու տարածքում տեղադրված կլինեն Երեւանի կենդանաբանական այգու եւ գործընկեր կառույցների տաղավարներ, որոնք կներկայացնեն օրվա խորհրդին առնչվող իրենց գործունեությունը, ինտերակտիվ խաղեր ու մրցույթներ կառաջարկեն երեխաներին:
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երեւանի կենդանաբանական այգու «Զու» մանկական ամսագրի, կենդանիների խնամակալության ծրագրին, այգու այլ նորություններին: Նախատեսվում են կենդանիների ցուցադրական կերակրումներ:
Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին եւ կավարտվի ժամը 18:00-ին:





























