Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այցելել է մանկատների շրջանավարտներին, որոնք հանգրվանել են «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում:
ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է.
«2005 թվականից այս կազմակերպությունը իր խնամքն է տրամադրում մանկատան շրջանավարտ այն աղջիկներին, որոնք չունեն բնակվելու վայր եւ պետք է շարունակեն ուսումը:
Օմբուդսմենի հետ զրույցի ընթացքում մանկատան շրջանավարտ աղջիկները նշեցին, որ իրենց հուզող ամենակարեւոր հարցերից մեկը մանկատան սաների պիտակավորումն է, որը հաճախ տեղի է ունենում հեռուստատեսությամբ կամ լրատվության այլ միջոցներով: Մասնավորապես, մանկատան շրջանավարտները խորապես վիրավորվում են, երբ հեռուստահաղորդումները ներկայացնում են, թե իբր իրենք մանկատնից դուրս գալուց հետո բացասական վարքագիծ են դրսեւորում, իսկ ֆիլմերում իրենց խոցելի եւ ճնշված կերպարներով են պատկերում: Աղջիկներին մտահոգել էր նաեւ այն, որ հաճախ կարծրատիպ է ձեւավորվում, թե մանկատան երեխաները նախընտրում են մնալ մանկատանը, այլ ոչ թե որդեգրվել:
Անսալով մանկատան շրջանավարտների խնդրանքին, միեւնույն ժամանակ հարգելով բոլոր լրատվամիջոցների խմբագրական անկախությունն ու արտահայտվելու ազատությունը՝ Օմբուդսմենը հորդորում է բոլորին զերծ մնալ մանկատան եւ այլ խոցելի իրավիճակներում հայտնված երեխաների մասին անթույլատրելի ու վիրավորական կարծրատիպեր ձեւավորելուց: Միեւնույն ժամանակ, ծանր պայմաններում հայտնված երեխաների խնդիրների մասին օբյեկտիվ եւ ճշմարտացի լուսաբանումը չափազանց օգտակար է նրանց իրավունքների պաշտպանության համար:
Կարեն Անդրեասյանը շնորհավորում է երեխաների պաշպանության միջազգային օրը եւ հիշեցնում. «Հունիսի 1-ը ոչ միայն սեփական երեխաներին զբոսայգի տանելու օրն է, այլեւ խոցելի երեխաների մասին խորհելու ժամանակը»:





























