Ամռան առաջին օրը Հայաստանում, ինչպես եւ բազմաթիվ այլ երկրներում, երեխաների միջազգային օրն է նշվում: Հայաստանում այն «երեխաների իրավունքների պաշտպանության օր» անվամբ է հայտնի (ֆոտոռեպորտաժ): Երեխաների օրը ամենահին միջազգային տոներից մեկն է: Առաջին անգամ միջոցառումների անցկացման մասին որոշումը 1925թ. Ժնեւում` երեխաների բարեկեցության խնդիրներին նվիրված համաժողովին է ընդունվել: Պատմությունը չի նշում, թե ինչու են տոնակատարության համար հենց հունիսի 1-ը  ընտրել: Վարկածներից մեկի համաձայն, 1925թ. հունիսի 1-ին Սան-Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը մի խումբ չինացի որբ երեխաների համար Դուան-ու ցզե (վիշապ-նավակների փառատոն) տոնակատարությունն է կազմակերպել: Երջանիկ պատահականությամբ, զուգահեռաբար Ժնեւի «մանկական» համաժողովն էր ընթանում:

Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ երեխաների առողջության պահպանմանն ու բարեկեցությանն առնչվող խնդիրներն առավել քան արդիական էին դարձել, կանանց կոնգրես է հրավիրվում: 1949թ. Փարիզում կազմակերպված միջոցառման մասնակիցները երեխաների երջանկության ամենակարեւոր երաշխիքի` կայուն խաղաղության ապահովման համար անկոտրում պայքար մղելու երդում են հնչեցրել:  Մեկ տարի անց` 1950թ. հունիսի 1-ին առաջին անգամ, արդեն պաշտոնապես, երեխաների պաշտպանության միջազգային օրն է նշվել: Քչերը գիտեն, որ տոնը նաեւ իր դրոշն ունի: Աճ, ներդաշնակություն, թարմություն եւ պտղաբերություն խորհրդանշող կանաչ ֆոնին` երկրի նշանի շուրջ մարդու փոքրիկ` կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ եւ սեւ ֆիգուրաներ են տեղակայված, որոնք, իրենց հերթին, բազմազանություն եւ հանդուժողականություն են խորհրդանշում: Իսկ երկիրը բոլորիս տունն է: