Հայաստանի պաշտպանության նախարարության նախաձեռնած ծխելու դեմ պայքարի միջոցառումների շրջանակում մայիսի 31-ին կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականները, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետեր, ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանը, ով ներկայացնելով կլոր-սեղան-քննարկման նպատակը, անդրադարձավ նաեւ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված «Ծխելու դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների պլանում» ընդգրկված միջոցառումներին:
Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դասախոսներ եւ ուսանողներ: Զեկույցները վերաբերում էին զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Ներկայացվեցին նաեւ զինծառայողների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն` հարցվածների կեսից ավելին` 58,3 տոկոսը, ծխող է:
Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Նշվեց, որ եթե կլոր-սեղան քննարկումից հետո թեկուզ մեկ հոգի թողնի ծխելը, ուրեմն կարելի է փաստել, որ իրականացվող աշխատանքները եւ ծխելու դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը հասել են իրենց նպատակին:
ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված «Ծխելու դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների պլանի» համաձայն` մայիսի 31-ին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ կազմակերպվել է նաեւ վազքարշավ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-Բագրատունյաց փողոց-Գ.Նժդեհի փողոց-Արցախի փողոց-Էրեբունի փողոց երթուղիով:





























