ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը պաշտոնական հարցում է ուղարկել Բրազիլիա` իրեն ապաստան տրամադրելու վերաբերյալ, փոխանցում է «Ֆրանս Փրեսս» գործակալությունը` վկայակոչելով  տեղի լրատվամիջոցները:

«Ռուսաստանում իմ ապաստանի ժամկետն ավարտվում է օգոստոսի սկզբին: Եթե Բրազիլիան ինձ ապաստան առաջարկի, ես ուրախությամբ կընդունեմ այն, ես կցանկանայի ապրել Բրազիլիայում: Ես հարցումներ եմ ուղարկել տարբեր երկրներ: Պաշտոնական հարցումներ», — հայտարարել է Սնոուդենը` Globo հեռուստաալիքի հարցազրույցում:

Գործակալությունը փոխանցում է, որ Բրազիլիայի ԱԳՆ-ն պնդում է, թե Սնոուդենից պաշտոնական հարցում չի ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարցազրույցի ընթացքում Սնոուդենը նաեւ հայտնել է, որ անցյալ տարվա հունիսին Հոնկոնգից Էկվադոր էր ուղեւորվել Մոսկվայով, սակայն ամերիկյան իշխանությունները սառեցրել էին իր անձնագիրը, այդ պատճառով էլ ստիպված մնացել էր Ռուսաստանում: Ըստ իր` դա արվել էր իրեն ռուսական լրտես ներկայացնելու համար: