Մաքսային միությունը տնտեսական միություն է եւ հակամարտությունների կարգավորման հետ պաշտոնապես ոչ մի կապ չունի: Այդ մասին հունիսի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցութունը կնպաստի ղարաբաղյան խնդրի լուծմանը:
Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արտակարգ դժվար նյութ է, ինչը այսօրվա դրությամբ անհնար է: «Ես կարգավորում բառը կփոխարինեի ստատուս քվոյով: Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանմանը Մաքսային միությունը, անկասկած նպաստում է: Հայաստանը որոշել է անդամակցել ՄՄ-ին սեպտեմբերի 3-ին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անվանգության ոլորտում Ռուսաստանի հետ փոխազդեցությունը գործոն է, որը թույլ է տալիս հակամարտությունում պահպանել այն հավասարակշռությունը, որը կա», - նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ այդ ձեւաչափը հնարավոր էր միայն սեպտեմբերի 3-ի պայմանով, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երիտասարդական հանրապետական կազմակերպության հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը, նշել է, որ ՄՄ-ում չի լուծվում ղարաբաղյան հարցը: «Իսկ ո՞վ ասաց, որ մենք Ղարաբաղի հետ ենք պատրաստվում անդամակցել Մաքսային միություն: Դա հնարավոր չի եւ չի էլ կարող լինել, քանի որ Ղարաբաղը, համաձայն մեր օրենսդրության, Հայաստանի մաս չի կազմում: Իսկ այն, որ Մաքսային միությանն անդամակցությունը կնպաստի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, միանշանակ է», - ընդգծել էր նախագահ:





























