Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին միջադեպերի թվի կտրուկ ավելացումը պատերազմի հետ ոչ մի կապ չունի: Փոխհրաձգությունն ու պատերազմները շատ տարբեր բաներ են: Այս մասին հունիսի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ միջադեպերի թվի ավելացումը նախեւառաջ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակով է պայմանավորված:
«Սա երկու իրողության վրա ազդելու միջոց է. Ադրբեջանը մշտապես ձգտում է համաշխարհային հանրությանն ապացուցել, որ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն իրեն ձեռնտու չէ, եւ երկրորդ, ազդել ներքին հասարակության վրա», - նշել է քաղաքագետը: Իսկանդարյանն ընդգծել է, որ հայկական երկու պետությունների հասարակությունները պատերազմում հաղթանակած հասարակություններ են: Իսկ Ադրբեջանի հասարակությունը, ըստ նրա, վրդովված է. իրեն տարածքներ կորցրած է զգում: «Բոլոր միջազգային հարթակներից նրանց անընդհատ ասում են, որ խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, բանակցություններ վարել, սա շարունակվում է արդեն 20 տարի, եւ ակնհայտորեն էլի կշարունակվի», - նշել է քաղաքագետը:





























