80-ամյա միայնակ թոշակառու Հրանուշ Վարդանյանը հարազատներ չունի, ոչ քույր կամ  եղբայր, ոչ էլ զավակներ, բնակվում է Հրազդանի Վանատուր թաղամասի կիսախարխուլ տնակում, որտեղ, ինչպես տարեց կինն է ասում «անգամ շները չէին ապրի»։

Հրանուշ տատիկը հաշմանդամ է, չի ամուսնացել, ամբողջ կյանքում ապրել է միայնակ, ծնողների մահից հետո քիչ-քիչ ծախել է իրենց ունեցվածքը, որ գոյատևի, այսօր ոչինչ չունի, անգամ մահճակալ, որի վրա կկարողանա քնել:

Տարեց կնոջ այսպես կոչված տնակում չկա ոչ ջուր, ոչ կոմունալ պայմաններ, ոչ սանհանգույց, վերջին հարվածն էլ ուժեղ քամու հետևանքով էլեկտրալարերի պոկվելն էր, որից հետո տարեց կինն արդեն երկու ամիս էլեկտրականություն էլ չունի.

«Քամին պոկեց լարերը, մինչեւ էսօր էլեկտրացանցից ոչ մեկ չի եկել, որ սարքի, անլույս, անջուր նստած եմ, դրսից եմ ջուր կրում, որ բերեմ լողանամ: Ստիպված  էս սախաթ ոտով գնացել եմ նոր մարզպետի մոտ, 100 դոլար ինձ տվեց, բերեցի, փետ առա, որ փեչը վառեմ, գոնե կոֆե եփեմ, կերածս էլ պանիր ա ու հաց, գնում եմ, խանութից վերցնում, թոշակ-փարոս են տալիս, տանում-տալիս եմ»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց Հրանուշ տատիկը:

Տատիկը ձմռանն անգամ տան պատերը պահող փայտերն է վառել, որ տաքանա, եթե այդպես մնա, եկող ձմռանը տնակում ապրելն այլեւս անհնար կլինի:

Հրանուշ Վարդանյանը NEWS.am-ի միջոցով խնդրեց բարի մարդկանց օգնել իրեն, որ «գոնե կյանքի վերջին տարիները կարողանա մարդավայել ապրել»:

Ինգա Հայրիյան