Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղը չի նվիրի Ադրբեջանին, հունիսի 2-ի մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ըստ նրա` Մոսկվան ձգտելու է ստատուս քվո պահպանել, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս մշտապես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, «որն էլ անում է վերջին 20 տարիներին` տատանվելով Երեւանի եւ Բաքվի միջեւ»:
«Վերջին հաշվով հիմնախնդրի վերջնական լուծումը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ին, ոչ Եվրոպային, ոչ Ալիեւին, ոչ էլ Երեւանում իշխող վարչակարգին», - նշել է Շաքարյանը, պարզաբանելով, որ այսօր Հայաստանի իշխանության մոտ գտնվող քաղաքական գործիչները իշխանության են եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին զուգահեռ եւ միշտ օգտագործում են այդ հացը` իրենց դիրքերը պահպանելու համար:
Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ վաղ թե ուշ Ղարաբաղի հարցը կլուծվի հայերի օգտին:
«Տնտեսական տեսանկյունից մենք տարածաշրջանում ազդեցության լծակներ չունենք, սակայն Բաքվի՝ նավթի վրա կառուցված տնտեսությունը այսպես թե այնպես ճաք կտա, եւ տարածաշրջանում ադրբեջանամետ տրամադրությունները հայամետով կփոխարինվեն, ինչը հայերին թույլ կտա ամրագրել հաղթանակը», - ամփոփել է Շաքարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























