Միկոյանի հուշարձանի տեղադրումը դժվար թե առաջնային կարեւորության հարց համարվի: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է հնչեցրել` հավելելով, որ դրա լուծումը Երեւանի ավագանին պետք է տա:

«Քանի որ հուշարձանն, ըստ էության, գերեզմանաքարի կրկնապատկերն է լինելու, լավ կլիներ, որ այն ոչ թե զբոսայգու կենտրոնում, այլ` շենքի տակ կանգնեցվեր: Մնացածը ավագանու որոշելիքն է», -  հայտարարել է նախարարը`հավելելով, որ խորհրդային ժամանակաշրջանը եւս Հայոց պատմության մասն է կազմում: «Այդ իսկ պատճառով էլ ակտիվ դերակատարում եմ ունեցել Խորհրդային Հայաստանի գործիչներից մեկի` Անտոն Քոչինյանի  կիսանդրու տեղադրման գործում», - նշել է նա:

Նարեկ Սարգսյանի գնահատմամբ, դժվար է պատմությունը միայն սեւով ու սպիտակով ներկայացնել: Ասվածի համար ցուցադրական օրինակ է Խրյուշչովի գերեզմանաքարը, որի հեղինակը Էռնստ Նեիզվեստնին է: Գլխավոր քարտուղարը սեւ գրանիտով ուրվագծված եւ սպիտակ մարմարով շրջանակված դիմագծերով է անցորդին ներկայանում:  «Նույն կերպ էլ Միկոյանը երկու կողմ ուներ: Թե ով ինչպես կգնահատի` դժվար է ասել», - հայտարարել է նախարարը:    

Նրա համոզմամբ, պետք չէ շտապել եւ հուշարձանի տեղակայման հարցը գերխնդիր դարձնել: Մինչ այդ բազմաթիվ լուրջ հարցեր կան, մասնավորապես` մարդկանց վստահության վերականգնումը եւ հասարակության շրջանում դրական ազդակների պակասի լրացումը: