Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց ՀՀ պետական բուհերում անվճար տեղերի քանակը հասցվել է նվազագույնի, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության եւ գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը:
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն որոշմամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրա¬գույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաեւ նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:
Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության եւ գիտության զարգացման կարիքներին համապատասխան եւ պետության համար առաջնային ու կարեւորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:
Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:
Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաեւ բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաեւ կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:
Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել եւ տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաեւ ՀՀ օրենսդրությամբ («Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք ) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի փոխհատուցման ճկուն համակարգ:
2013 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին, յուրաքանչյուր տարի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Հիշյալ ծրագրի շրջանակում, պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ստացել 850 ուսանող:





























