Մոսկվան ԵԽԽՎ-ին պաշտոնապես տեղեկացրել է հարաբերությունները ժամանակավորապես դադարեցնելու եւ ամառային նստաշրջանին մասնակցելուց հրաժարվելու  մասին, հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի հունիսյան նստաշրջանին: Այս մասին մայիսի 26-ին տեղեկացվել է ԵԽԽՎ նախագահական կոմիտեի անդամ Թինի Կոքսը , երբ ժամանել էր Մոսկվա Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպելու»,- փոխանցել է Պուշկովը՝ հավելելով, որ Նարիշկինը նաեւ նամակ է ուղարկել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին:

Ապրիլին ԵԽԽՎ-ն հակառուսական բանաձեւ էր ընդունել Ռուսաստանին Ղրիմի միացման առնչությամբ՝ ռուսական պատվիրակությանը զրկելով քվեարկության եւ  մինչեւ 2014թ. վերջը ԵԽԽՎ ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելու իրավունքից: Դրանից հետո ՌԴ-ն հայտարարել էր ԵԽԽՎ շրջանակում երկխոսության վերսկսման անհնարինության մասին, քանի դեռ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են գործում: