Երեւանում եւ մարզերում այսօր՝ հուլիսի 3-ին մեկնարկել են միասնական ընդունելության քննությունները կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից (ֆոտոռեպորտաժ)։

Երեւանի պետական համալսարանում եւ Երեւանի 62 ավագ դպրոցում մայրաքաղաքի շրջանավարտները քննություն են հանձնել Կենսաբանություն առարկայից։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քննության մեկնարկից 2 ժամ անց դուրս եկավ առաջին դիմորդը՝ Երեւանի 189 դպրոցի շրջանավարտ Սոնա Մարգարյանը, որը դիմել է Բժշկական համալսարանի Բուժական ֆակուլտետ։ Սոնան NEWS.am-ին պատմեց, որ հարցերը 70-նն էին եւ բավականին հեշտ։

Նրանից հետո դուրս եկած դիմորդներից ոչ բոլորն էին, սակայն, գոհ հարցերի բարդությունից, նույնիսկ նրանք, ովքեր վստահ էին, որ լավ են հանձնել, ասում էին՝ հարցերը բարդ են եղել։

Նրանց խոսքով՝ քննություններին պատրաստվելու գործընթացը ավելի է բարդացրել այն, որ կենսաբանության շտեմարանը մի քանի անգամ  փոխվել է, իսկ վերջին շտեմարանը լույս է տեսել միայն մարտին։ Բացի դրանից, աշակերտների խոսքով՝ ԳԹԿ փորձնական թեստ էր ուղարկել դպրոցներ, որն ավելի հեշտ է եղել։

«Քննությունը լավ հանձնելու համար պետք է ոչ թե առարկան լավ իմանաս, այլ շտեմարանը անգիր արած լինես։ Լավ գիտելիքներ ունեցողները կարող են ավելի ցածր գնահատական ստանալ, քան նրանք, ովքեր անգիր են արել շտեմարանը, կամ եթե նրանց կրկնուսույցները նախապես մոտավորապես իմացել են թեստերի հարցերը»,-NEWS.am-ի թղթակցին պատմում էին քննությունից դուրս եկած դիմորդները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դիմորդները կարծես թե ավելի վստահ են իրենց ուժերին, քան ծնողները, որոնք անընդհատ հուզված մոտենում էին մոնիտորներին, փորձում գտնել իրենց երեխաներին եւ նրանց շարժումներից գուշակել՝ ինչպես են երեխաները հանձնում թեստը եւ ինչ տրամադրություն ունեն։

«Հազիվ գտա երեխայիս հեռուստացույցի մեջ, տեսա, որ նստած անհանգիստ շարժումներ է անում, հուզվում եմ, մտածում եմ, որ երեւի չգիտի ինչ-որ հարց, բայց ասել եմ, որ նստի մինչեւ վերջ, շուտ դուրս չգա»,- ասաց դիմորդներից մեկի մայրը։

Ծնողները պատմում են,  որ տարբեր միջոցների են դիմել քննությանը իրենց երեխաների հաջողությունը ապահովելու համար. մեկը ջուր է ցանել երեխայի հետեւից, մյուսը փոքրիկ աղոթագրքի էջ է կարել հագուստին, մյուսն էլ խաչ է հետը ուղարկել։

Քննությունների պատասխանները շրջանավարտները կիմանա վաղը, բայց արդեն մի քանի ժամից իրենց հետ քննասենյակից դուրս բերած թեստերի պատճենները կրկնուսույցների հետ ուսումնասիրելուց հետո դիմորդները կիմանան իրենց գնահատականների մոտավոր պատկերը։

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանում եւ Հայաստանի մարզերում՝ այսօր հունիսի 3-ին բացվել է 13 քննական կենտրոն, 480 դիմորդ քննություն էհանձնում կենսաբանություն առարկայից, 320 աշխարհագրությունից եւ 150 ընդհանուր պատմությունից։

Գագիկ Մելիքյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի բուհերի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Առաջին փուլում քննություն կհանձնի ավագ դպրոցի 12 հազար շրաջանավարտ, երկրորդ փուլում, որը սկսվում է հուլիսի 1-ին, քննություն կհանձնեն միջին մասնագիտական ուսումնական հաստատություներ ավարտածները, զորացրվածները եւ առաջին փուլի քննություններին հարգելի պատճառներով չներկայացածները։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am