Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերանայումը այնպիսի գործընթաց չէ, որը հնարավոր լիներ սկսել այսօր եւ ավարտել վաղը: Այս մասին հունիսի 3-ին  ԵՄ կողմից ֆինանսավորվող

«Հայաստանում ժողովրդարական կառավարման աջակցություն» ծրագրի  շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Ըստ նրա՝ այդ գործընթացը նախեւառաջ  ընդգրկում է ՀՀ իշխանություններին, հայ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաեւ ԵՄ կառույցներն ու ԵՄ 28 երկրներից յուրաքանչյուրին:

«Եվ, հաշվի առնելով երկրներից յուրաքանչյուրում ներքին քննարկումները, կարելի է հասկանալ, որ սա շատ ժամանակ պահանջող գործընթաց է: Վերանայումն ու քննարկումները ընթացքի մեջ են, սա կշարունակվի որոշ ժամանակ, եւ հենց որ արդյունքներն ունենանք, արդեն կքննարկենք՝ ինչպես իրագործել վիլնյուսյան փաթեթի միջոցառումները», - նշել է  Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով, որ դա արագ չի կատարվի, քանի որ համագործակցության լայն շրջանակ է ներառում:

«Մենք շարունակում ենք համագործակցությունը առանձին նախարարությունների հետ, որպեսզի համահունչ գործենք Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Հայաստանի սեպտեմբերի 3-ին կայացրած որոշմանը», - ամփոփել է դիվանագետը:

Հիշեցնենք, ՄՄ մտնելու որոշման արդյունքում Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովում չէր նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, միայն ընդունվել էր ԵՄ-ի հետ համատեղ հայտարարություն: