Հորդանանում հունիսի 3-ին նշում են Հուսեին իբն Ալի ալ-Հաշիմիի մահվան 83-րդ տարելիցը, ով ամենից բացի հովանավորել է նաեւ հայկական եկեղեցու շինարարությունը: Ինչպես գրում է «The Jordan Times» թերթը, շերիֆ Հուսեին իբն Ալի ալ-Հաշիմին(1852–1931թթ.), ով Մեքքայի էմիրն էր եւ Հիջազի արքան, 1916թ.-ի հունիսին Արաբական մեծ ապստամբություն էր բարձրացրել անկախ ու միացյալ արաբական պետության ստեղծման նպատակով:

Սակայն օսմանյան հողերը բաժանվեցին մի քանի մանդատների եւ պրոտեկտորատների: Այնուամենայնիվ, Արաբական մեծ ապստամբությունն ապահովեց արաբական կառավարում Արաբական թերակղզու մեծ հատվածում, Սիրիայում եւ ժամանակակից Հորդանանում, որը հիմնվել էր Հուսեին իբն Ալի ալ-Հաշիմի որդու՝ Աբդալա I-ի կողմից: 1926թ.-ին, երբ շերիֆ Հուսեյինին աքսորել էին Կիպրոս, նա ֆինանսավորել է հայկական եկեղեցու շինարարությունը: 1931թ.-ին աքսորված արքան Աման է վերադարձել, որտեղ էլ մահացել է: