Թուրքիայում Պոլսո հայոց պատրիարքարան ներկայացած անձը պնդել է, թե ինքը Ազգային կադաստրի տեսուչ է եւ ստամբուլահայ համայնքից խլված «Սանասարյան հան» անունը կրող շենքի վերադարձի թղթերը կարգավորելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանից խաբեությամբ կորզել 6 հազար լիրա եւ անհետացել։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  2013 թվականի հուլիսի 25-ին Պոլսո հայոց պատրիարքան ընդհանուր փոխանորդ, արք Արամ Աթեշյանը Ռամազանի տոնական ընթրիքի (իֆթար) շուրջ հանդիպել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում Էրդողանը խոստացել էր միջնորդել արագորեն հետ ստանալ Ստամբուլի կենտրոնում գտնվող եւ նախկինում հայ համայնքից խլված «Սանասարյան հան» անունը կրող շենքը։

Այս լուրը հայտնվել էր մամուլում, որից հետո պատրիարքարան է ներկայացել մի անձ՝ պնդելով, որ ինքը Ազգային կադաստրի տեսուչ է եւ «Սանասարյան հանի» վերադարձի համար անհրաժեշտ ինչ-որ փաստաթղթերի տակ ստորագրություն վերցրել եւ գործընթացի ծախսերի համար պահանջել եւ արք. Աթեշյանից ստացել 6 հազար լիրա։

Ավելի ուշ, երբ արք. Աթեշյանը կապնվել էր վարչապետի աշխատակազմի հետ՝ հասկացել է, որ խաբեության զոհ է դարձել։

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Քեմալ Թայֆունին, ում նկատմամբ 9 մեղադրանք է առաջադրվել։