Հայաստանում շարժական ինտերնետի միջին բաժանորդը ամսական մոտ մեկ գիգաբայթ է սպառում: Այս մասին հունիսի 6-ին լրագրողներին հայտնել է  «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ըստ նրա՝ մեկ տարում շարժական ինտերնետի բաժանորդների թիվը ավելի քան 30% աճել է, թրաֆիքն էլ ավելացել է գրեթե կրկնակի:  «Այսինքն՝ եւ նոր օգտվողներ են ավելանում, եւ հներն են ավելի շատ ներբեռնում: Մեկ բաժանորդի հաշվով տերաբայթի դեռ չենք հասել, բայց մոտ ենք դրան», - հավելել է Պյատախինը:

Դրան զուգահեռ աճում է նաեւ ֆիքսված ցանցերի թրաֆիքը:  «Տանը դա հիմնականում Wi-Fi-ն է: Իսկ ընդհանուր առմամբ ցանցում տրաֆիկն աճում է երկնիշ թվերով, եւ կարծում եմ, որ հետագայում էլ այդպես կլինի», - նշել է Պյատախինը: Միաժամանակ  թրաֆիքի զգալի մասը շարունակում է գնալ Հայաստանի սահմաններից դուրս, այսինքն՝ մեծամասնության համար դեռ տեղական կոնտենտ չէ, հավելել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը: Նա ընդգծել է, որ ընկերությունը շարունակում է ընդլայնել բջջային ցանցի ծածկույթը եւ ավելացնել կապի ալիքների քանակը: 

«ԱրմենՏելը» («Վիմպելկոմի» դուստր ձեռնարկությունը) Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորներից եւ հարկատուներից է: