Երեւանում հունիսի 9-ին հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: (ֆոտոռեպորտաժ)

Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարարներ:

Ավանդության համաձայն՝ հյուրերին դիմավորել է անցյալ տարվա ընթացքում դեսպանության գործունեության մասին ֆոտոցուցահանդեսը:

Հայերենով դիմելով հյուրերին՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը նշել է, որ նա պատիվ է ունեցել թագուհու հետ հանդիպել մայիսին: «Ես պատմեցի, թե ինչ պատիվ է ինձ համար Նորին Մեծության դեսպանը լինել Հայաստանում: Ինձ համար վերջին 12 ամիսը համագործակցության ամիսներ էին՝ Բրիտանական խորհրդի, բրիտանական բիզնեսի եւ մշակութային գործընկերների հետ, որոնց օգնությամբ Հայաստանում Բրիտանիայի օրեր անցկացվեցին»,- հայտարարել է նա:

Իր խոսքում դեսպանն ընդգծել է, որ այս տարին խորհրդանշական է Մեծ Բրիտանիայի համար, քանի որ սեպտեմբերին Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն տեղի կունենա: «Բրիտանական կառավարությունը համարում է, որ միասին մեզ համար ավելի լավ է, սակայն մենք համարում ենք, որ Շոտլանդիայում ապրող մարդկանց ընտրության հնարավորություն պետք է տալ»,- նշել է նա:

Քեթրին Լիչը հավելել է, որ դեսպանությունը որոշել է աջակցել հայ-շոտլանդական տնտեսական համագործակցությանը եւ գնել է շոտլանդական վիսկի՝ հրավիրել հյուրերին միասին համտեսել հայտնի շոտլանդական ըմպելիքը: