«Մինչ այս պահը չէի էլ մտածել, թե Թուրքիայի հայ համայնքի վրա ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը,քանի որ մեկը մյուսի հետ բնավ կապ չունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ակոս» թերթի խմբագրի տեղակալ Սարգիս Սերոբյանը՝ խոսելով թուրք-իսրայելական՝ վերջին ժամանակներս սրված հարաբերությունների եւ դրանց՝ հայկական համայնքի վրա ունեցած հնարավոր ազդեցության մասին։
Նրա խոսքով, թուրք-իսրայելական լավածությունը հայ համայնքի հետ որեւէ կապ չունի. «Այդ առումով մեր համայնքն ամբողջությամբ զերծ է որեւէ վտանգից»,- հավաստիացրեց Սերոբյանը։ Նա չափազանցված համարեց Հայաստանում շրջանառվող այն խոսակցությունները, ըստ որոնց թուրք-իսրայելական հարաբերություների վատթարացմամբ Իսրայելի խորհրդարանում կարող են ակտիվանալ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկումները։ «Ես այնքան հեռատես չեմ, որ մտածեմ, թե դեպքերի նման դասավորությունը կարող է նպաստել Իսրայելում Ցեղասպանության ճանաչման գործընթացի առաջխաղացմանը»,- նշեց «Ակոսի» խմբագրի տեղակալը։
Հարցին, թե թուրք-իսրայելական՝ ճգնաժամ ապրող հարաբերությունների ֆոնին ի՞նչ դիրք է գրավել թուրքական կառավարությունը տեղի հրեական համայնքի նկատմամբ եւ նախաօրեին տեղի ունեցած դեպքերից հետո ինչպիսի՞ն են տրամադրությունները հրեական շրջանակներում, Սերոբյանը պատասխանեց։ «Որքան որ ճանաչում եմ տեղի հրեական համայնքին, այն Թուրքիայի ամենալուռ համայնքն է, լուռ անգամ հունական համայնքից։ Հրեաները բոլորվին լուռ են իսրայելական զինուժի կողմից գրոհի ենթարկված միջազգային նավատորմի թեմայի շուրջ»,- տեղեկացրեց Սերոբյանը՝ հավելելով, որ կատարվածի մասին Թուրքիայում խոսել է միայն ազգությամբ հրեա մի լրագրող, ով, Սերոբյանի խոսքով, դեմ է արտահայտվել կատարվածին՝ այն որակելով որպես Իսրայելի կողմից արված անմարդկային արարք։ «Նա բոլորովին դեմ էր իսրայելական բանակի կողմից կատարված նմանօրինակ քայլին եւ երեկվա իր հոդվածում խիստ քննադատության էր ենթարկել իր հայրենակիցներին»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ իսրայելցի զինվորականները մայիսի 31-ին գրոհով վերցրել էին միջազգային նավատորմը, որը Գազայի հատված էր տեղափոխում հարյուրավոր իրավապահների եւ հազարավոր տոննա մարդասիրրական բեռներ։ Գրոհի արդյունքում զոհվել էր 9 մարդ՝ նրանցից չորսը Թուրքիայի քաղաքացիներ։
Կատարվածի առնչությամբ Թուրքիան Իսրայելից հետ էր կանչել իր դեսպանին։

























