«Ազատության նավատորմի» ինքնաթիռները այսօր` հունիսի 3-ին վայրէջք են կատարել Անկարայի օդանավակայանում: Թուրքիա են տեղափոխվել նաեւ Իսրայելի բանակի կողմից սպանված 10 իրավապաշտպանների մարմինները: Թուրքիա են ժամանել այդ երկրի 400 քաղաքացիներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի 37 քաղաքացիներ: Եւս մեկ ինքնաթիռ վայրեջք է կատարել Հունաստանում: Այդ երկրի քաղաքացիները եւս մասնակցել են Գազային օգնություն տրամադրելու ակցիային:
Թուրքիան հնարավոր է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իսրայելի գործողությունների հետաքննությամբ զբաղվող միջազգային հանձնաժողով ստեղծելու հարց բարձրացնի: Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հավելելով, որ Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար Իսրայելը պետք է վերացնի Գազայի շրջափակումը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ կվերանայի Իսրայելի հետ իր հարաբերությունները, եթե վերջինս ազատ չարձակի իր քաղաքացիներին:
Նշենք, որ մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատված հումանիտար բեռներ տեղափոխող նավերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում ըստ իսրայելական տարբեր լրատվամիջոցների՝ զոհվել է մինչեւ 19 հոգի։ Իսրայելական զինվորականները զենքի կիրառումը պատճառաբանում են ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց խոսքով՝ նավում գտնվողները դանակներով եւ տարբեր առարկաներով իրենց վրա են հարձակվել։
Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին։ Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները:


























