Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության  նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի արտահանողների խորհրդի նիստում էրդողանը եւ Քըլըչդարօղլուն միմյանց ձեռքով բարեւելուց հետո ամբիոնից հանդես են եկել մեկը մյուսին քննադատությամբ։

Թուրքիայի վարչապետը ելույթում նշել է. «Այն, ինչ չեք կարողանալու իրականացնել, մի խոստացեք, ասեք այն, ինչը կարող եք անել, իսկ ասելիս էլ անպայաման դրա դեղատոմսն էլ հայտնեք։  Չկա նման բան, ինչ դուք եք ասում՝ դու գնա, մենք կգանք եւ կտեսնեք, թե ինչպես ենք անում: Եթե Թուրքիան սիրում եք, հիմա ասեք կարգավորման բանալիները»:

Էրդողանի ելույթից հետո ամբիոնին մոտեցած Քըլըչդարօղլուն  չի հերքել, որ Էրդողանի վարչապետության օրոք որոշ լավ բաներ եղել են, սակայն հիշեցրել է հետեւյալ խոսքը, որ չաշխատող ժամացույցն էլ օրը երկու անգամ ժամը ճիշտ է ցույց տալիս։

Նշենք, որ թուրքական  վերլուծական-հետազոտական SONAR ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքներով Քեմալ Քըլըչդարօղլուի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ ընտրվելուց հետո Էրդողանի կուսակցությունը առաջին անգամ 8 տարվա մեջ վարկանիշով հայտնվել է 2-րդ տեղում՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից հետո։