Մի խումբ սենատորներ օրենքի նախագիծ են առաջարկել ՌԴ Պետդումային, որով առաջարկում են քրեական եւ վարչական պատասխանատվության ենթարկել այն ուղեւորներին, ովքեր օդանավում խախտում են անվտանգության կանոնները:

Ըստ ИТАР-ТАСС-ի, փաստաթուղթը Վարչական իրավախախտումների մասին ՌԴ օրենսգիրքը լրացնում է հատուկ կազմով. օդանավում ուղեւորների կողմից կանոնների խախտում, որը սահմանված է փոխադրողի կողմից՝ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան: Նախագծի հեղինակներն այս խախտման համար առաջարկում են տուգանք սահմանել՝ 1.000-ից մինչեւ 3.000 ռուբլու չափով:

Առաջարկվում է Քրեական օրենսգրքում ներառել հատուկ հանցախումբ՝ «ուղեւորների կողմից օդանավում կանոնների խախտում, որն ավիամիջադեպի պատճառ կարող է հանդիսանալ, ինչպես նաեւ օդանավի թռիչքի անվտանգության վտանգ՝ այլ տեսքով»: Որպես պատիժ սահմանվում է տուգանք կամ մինչեւ երկու տարվա ազատազրկում:

Եթե ուղեւորի գործողություններն առանց զոհերի ավիավթարի կամ աղետի պատճառ են դարձել, նրան կսպառնա մինչեւ հինգ տարվա ազատազրկում: Ենթադրվում է այս պատիժը սահմանել, եթե խախտում կատարած ուղեւորը բռնություն կամ ուժի սպառնալիք է կիրառել:

Եթե միջադեպի արդյունքում մարդկային զոհեր կան, մեղավորին մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: