Հնարավոր է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես գան նոր առաջարկներով: Այդ մասին Վենետիկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ով այստեղ մասնակցում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հունիսի 4-ին Վենետիկում կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է «Ազատությունը»:
Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ համանախագահների հետ քննարկվել է հայկական կողմի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
«Ես Մինսկի խմբի համանախագահներին հայտնել եմ, որ մենք պատրաստ ենք հանդիպմանը, եթե տեսնենք, որ հայկական կողմը չի ձգտում ձգձգել այս գործընթացը եւ առաջընթացի ցանկություն ունի», - ասել է նա եւ հույս հայտնել, որ համանախագահները ՀՀ ղեկավարությանը կփոխանցեն Ադրբեջանի դիրքորոշումը, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա կանցկացվի հերթական հանդիպումը։
Անդրադառնալով երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորությունը` Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, եւ ինչպես հայտնի է` առաջարկվել է ժամանակավորապես ընդմիջել հանդիպումները։
«Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքները ներկայացնելուց հետո, Աթենքում տեղի ունեցած հանդիպումները արդյունք չտվեցին։ Բոլորը գտնում էին, որ այդ փաստաթուղթը, որի վրա երկու տարի աշխատանք է տարվել, հնարավորություն է ստեղծում հիմնական փաստաթղթի վրա աշխատանքը սկսելու համար, բայց հայկական կողմից համաձայնություն չստացվեց», - պարզաբանել է նա:
Մամեդյարովն ասել է, թե որոշակի պատճառներով միջնորդները առաջարկեցին ընդմիջել բանակցությունները։ «Սակայն այդ ընդմիջումը շատ երկար է շարունակվում», - ասել է Մամեդյարովը, հավելելով, որ հասկանալի է բանակցությունները ակտիվացնելու համանախագահների ձգտումը, քանի որ նրանց կողմից պատրաստված փաստաթուղթը դրված է բանակցությունների սեղանին։
«Մեկ անգամ էլ եմ կրկնում` այդ փաստաթուղթը երկնքից չի ընկել, երկու տարի այն համաձայնեցվում էր», - հայտարարել է նա։
Ասելով, որ Ադրբեջանը ծանոթացել, աշխատել է այդ փաստաթղթի վրա, Մամեդյարովն ընդգծել է, որ այնտեղ սկզբունքային նոր բան չկա` «բացառությամբ որոշ նրբությունների, որոնց վրա Ադրբեջանը առաջարկել է աշխատել, ինչպես ասում են` գնդակը գտնվում է հայկական կողմում»:
Նրա խոսքերով` հիմա անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման հստակեցումը։ «Իրավիճակը հիմնականում այսպիսին է. համանախագահները պետք է հայկական կողմին փոխանցեն մեր այսօրվա մոտեցումները։ Միջնորդները հետո կքննարկեն ընդհանուր իրավիճակն ու հնարավոր է` հանդես գան նոր առաջարկներով», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Անդրադառնալով ԼՂ բանակցություններում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Թուրքիայի համանախագահ դառնալու հնարավորությանը` Մամեդյարովն ասել է, թե Թուրքիան Մինսկի խմբի անդամ է այն ձեւավորվելու օրվանից։ «Փաստաթղթերի համաձայն` Թուրքիան հանդիսանում է մշտական խորհրդի անդամ, այսինքն` Մինսկի խումբը հիմնողներից մեկը», - հավելել է նա:
Անդրադառնալով նաեւ Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու հարցին` Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, որպեսզի Բրայզան ԱՄՆ-ի դեսպան նշանակվի Ադրբեջանում։


























