Ռուսաստանը պատրաստ է Չինաստանի հետ ուսումնասիրել Մարսը եւ Լուսինը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «Առաջին ռուս-չինական ԷՔՍՊՕ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում:
Բացի դրանից, ըստ Ռոգոզինի, Ռուսաստանը եւ Չինաստանը առաջիկայում կարող են համատեղ տիեզերանավեր ստեղծել, ինչպես նաեւ համագործակցել քարտեզագրության եւ կապի ոլորտում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռոգոզինը նաեւ նշել է, որ ռուսական ԳԼՕՆԱՍՍ նավիգացիոն համակարգը եւ չինական «բեյդոուն» «շատ լավ» կլրացնեն իրար:
Ըստ նրա` Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են 200 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառության հասնել 2020թ.-ից շուտ:
«Մենք Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարությամբ սահմանված խնդիր ունենք` 2020թ. հասնել մեր առեւտրատնտեսական կապերի այնպիսի ծավալի, որը կկազմի 200 միլիարդ դոլար», - ասել է նա:




























