Երեւանի բնակիչները հուլիսի 1-ից «ONEbus» ծրագրի շրջանակներում կկարողանան օգտվել անվճար եւ ուրախ միկրոավտոբուսից, որը կունենա «wi-fi» կապ եւ օդորակիչ: Նախաձեռնությունը պատկանում է «ONEArmenia» ընկերությանը:

Սա ընկերության հերթական ծրագիրն է, որն ուղղված է հասարակական շահերին եւ կարող է դրական փոփոխությունների սկիզբ դառնալ այս բնագավառում: Ուրախ ավտոբուսը սովորականի պես ուղեւորներ կփոխադրի, նրանք խաղերի կմասնակցեն, կենդանի երաժշտություն կլսեն: Շաբաթ եւ կիրակի օրերին ավտոբուսը կծառայի տարբեր ընկերությունների:

Ակցիային մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա միկրոավտոբուսի ղեկին է նստել, փորձել հարմարավետությունն ու «Twitter»-ում հույս հայտնել, որ այնտեղ չեն ծխելու:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «ONEArmenia»-ի ներկայացուցիչ Աստղիկ Սայադյանը նշել է, որ միկրոավտոբուսի երթուղին հետեւյալն է՝ Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծի պողոտա - Խանջյան փողոց - Սայաթ-Նովայի փողոց- Ազատության հրապարակ - Բաղրամյան փողոց – Կոմիտասի փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Պարույր Սեւակի փողոց: Այն աշխատելու է ժամը 12-ից 20-ը: Նախապես ակցիան տեւելու է 3 ամիս: