«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը բոլոր քաղաքացիներին կոչ է անում հուլիսի 5-ին, ժամը 22:00-ին, 1 ժամով անջատել էլեկտրականությունն ի նշան բողոքի:

Այս մասին գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով:

Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն, հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: