Թայվանական Յունլին քաղաքի ագարակում երկու դնչիկով խոզուկ է ծնվել։ Դրանցից յուրաքանչյուրը նորմալ կատարում է գործառույթները, իսկ խոզուկը առողջ ու աշխույժ տեսք ունի։ Ըստ Mirror-ի, 58-ամյա ագարակատեր Սյուինգ Քսոյը, այնուամենայնիվ, որոշել է ազատվել արտասովոր կենդանուց եւ վաճառել է նրան։

Vesti.ru-ի փոխանցմամբ, մուտանտ-խոզուկը լույս աշխարհ գալու պահին մնացած ձագերից ամենանիհարն է եղել։ Արտասովոր դնչիկի պատճառով նա չի կարողացել սնվել մայրական կաթով, այդ պատճառով ագարակատիրոջ կինը ստիպված է եղել նրան շշով կերակրել։ «Սկզբում չգիտեի, թե կաթը որ բերանի մեջ լցնեմ, բայց հետո հասկացա, որ երկուսն էլ նորմալ են գործում»,- պատմել է թայվանցի անասնապահի կինը։

Փոքրիկ խոզուկն ագարակատերերի ընտանիքում չի մնացել։ Նրան վաճառել են Ցզյայի քաղաքի բնակչին, ով ասել է, որ պատրաստվում է խոզուկին ներկայացնել հանրությանը։ Գնորդը հավելել է. եթե ձագուկը երկար չապրի, նա խոզուկի լուսանկարը թանգարան կհանձնի։

«Լինելով փորձառու ագարակատեր՝ ես գիտեմ, որ նման մուտանտները երկար չեն ապրում։ Նախկինում ինձ մոտ արդեն եղել է երկու գլխով խոզուկ։ Նման դեպքերում ես սովորաբար բնությանն եմ թողնում կատարել իր գործը, բայց այժմ հասկանում եմ, որ նման կենդանիների շնորհիվ կարելի է լավ գումար վաստակել»,- հայտարարել է Սյուինգ Քսոյը։ Ի դեպ, ագարակատերը չի պատմել, թե որքան է հաջողվել իրեն վաստակել։